«Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյը մեծ աջակցություն է վայելում ֆուտբոլիստների շրջանում։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ֆուտբոլիստները ցանկանում են, որ մասնագետը մնա թիմում նույնիսկ այն բանից հետո, երբ գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնի Ռուբեն Ամորիմը։ Նրանք ցանկանում են, որ հոլանդացին միանա պորտուգալացու մարզչական շտաբին։
Վան Նիստելռոյը նաև հարգանք է վայելում ակումբի ղեկավարության կողմից՝ իր հաղորդակցման ոճի պատճառով։ Կոնկրետ որոշումներ չեն կայացվել Ամորիմի մարզչական շտաբի վերաբերյալ, սակայն նոր մարզիչը ցանկանում է «Սպորտինգից» բերել հինգ օգնականների, այդ թվում՝ իր վաղեմի գործընկերներ Կառլոս Ֆերնանդեշին և Ադելիո Կանդիդոյին, ինչպես նաև փորձառու Էմանուել Ֆերոյին։
Եթե դա տեղի ունենա, ապա Ռուդի համար դժվար կլինի տեղ գտնել մարզչական շտաբում, սակայն նա նախկինում հայտարարել է, որ պատրաստ է օգնել թիմին ցանկացած կարգավիճակով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց Ամորիմի նշանակման մասին։ Պորտուգալացին իր պարտականությունները կանցնի նոյեմբերի 11-ին։