Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի 24-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը մտադիր է երկարաձգել բրազիլացի ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը մի քանի պատճառով։ Նախ՝ Չեմպիոնների Լիգայի վերջին մրցաշրջանում Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը համոզեց, որ ունակ է մեծ խաղերում արդյունք ցույց տալ։ Երկրորդ՝ ակումբը չի ցանկանում, որ Վինիսիուսը մտածի, որ հարձակվող Կիլիան Մբապպեի գալով նրա նշանակությունը թիմի համար կնվազի։ Երրորդ՝ «Ռեալը» ցանկանում է պաշտպանվել բրազիլացու նկատմամբ Սաուդյան Արաբիայի ակումբների հետաքրքրությունից, որոնք կարող են ֆուտբոլիստին ավելի բարձր աշխատավարձ առաջարկել։
Սակայն Վինիսիուսը չի շտապում երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել ակումբին ցուցաբերած հետաքրքրության համար, սակայն նրա պայմանագրի հետ կապված իրավիճակը այս պահին չի առաջադիմում։
Վինիսիուսի գործող աշխատանքային պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։