Ռուդ վան Նիստելռոյ․ «Այն, թե ինչպես է նա մարզվում ու օգնում թիմին, օրինակ է բոլորի համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռուդ վան Նիստելռոյը «Լեսթերի» հետ հանդիպումից հետո անդրադարձել է Կառլոս Կազեմիրոյին։

Չորեքշաբթի օրը Լիգայի գավաթի խաղում բրազիլացի կիսապաշտպանը դուբլի հեղինակ դարձավ։ Սա թիմի առաջին խաղն է Էրիկ տեն Հագի հրաժարականից հետո:

«Ես ուրախ եմ Կազեմիրոյի համար։ Այն, թե ինչպես է նա մարզվում ու օգնում թիմին, օրինակ է բոլորի համար։ Ուրախ եմ, որ նա մեզ հետ է, որ կարողանում է հաղթահարել դժվարությունները։

«Լիվերպուլի» հետ խաղից հետո նա չափազանց շատ քննադատության արժանացավ»,- Վան Նիստելռոյի խոսքերն է փոխանցում լրագրող Սթիվեն Ռեյլսթոնը։

Ընթացիկ մրցաշրջանում Կազեմիրոն երեք գոլ է խփել 13 խաղում. բոլոր երեք դիպուկ հարվածները կատարվել են վերջին երկու հանդիպումներում: