Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Մադրիդի «Ռեալի» երկրպագուների պահվածքը Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (0:4):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ենթարկվել է ռասայական բռնությունների։ Վիրավորանքներ են հնչել նաև Ռաֆինյա Դիասի, Ալեխանդրո Բալդեի և Անսու Ֆատիի հասցեին։
«Մենք կտրականապես դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը սպառնում է մեր հասարակության հանդուրժողականությանը, բազմազանությանը և ներառականությանը։ Ռասիստական վիրավորանքները չեն կարող հանդուրժվել, և, իհարկե, տեղ չունեն սպորտում:
Ֆուտբոլը, որպես կրթության, դրական արժեքների և միասնության վայր, կշարունակի պայքարը՝ վերջ դնելու ցանկացած տեսակի արհամարհանքին և չարաշահմանը։
RFEF-ը պաշտպանում է զրոյական հանդուրժողականություն սոցիալական այս չարիքի նկատմամբ և կաշխատի բոլոր մարդկանց և կազմակերպությունների հետ, որոնք սպորտի և հասարակության մաս են կազմում՝ վերջ դնելու մարզադաշտերում բռնությանը»,- ասվում է հայտարարության մեջ: