Մադրիդի «Ռեալը» հայտնաբերել է այն երկրպագուներին, ովքեր ռասայական ոտնձգություններ են կատարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների նկատմամբ։
Լա Լիգայի 11-րդ տուրի խաղում, որն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով 4:0 հաշվով, «Սանտյագո Բեռնաբեուում» ռասիստական վիրավորանքներ հնչեցին Լամին Յամալի, ինչպես նաև Ալեխանդրո Բալդեի, Անսու Ֆատիի և Ռաֆինյա Դիասի հասցեին։ Մադրիդի «Ռեալը» դատապարտել է վիրավորական վանկարկումները և հայտարարել է հետաքննություն՝ մեղավորներին բացահայտելու համար:
Ըստ La Sexta-ի՝ մադրիդյան ակումբին հաջողվել է բացահայտել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին վիրավորած երկրպագուներին։ Մադրիդի «Ռեալը» միացել է Լա Լիգայի բողոքին Կլասիկոյում ռասիստական վիրավորանքների և ժեստերի վերաբերյալ և տրամադրել է բոլոր անհրաժեշտ նյութերը։
Marca-ն հայտնում է, որ ռասիստական պահվածքի համար մեղավոր ճանաչված երկրպագուները կենթարկվեն ակումբի «ամենախիստ պատժամիջոցներին»: