«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի առանցքային ֆուտբոլիստին։ Խոսքը Ռաֆինյա Դիասի մասին է, ով հիանալի մրցաշրջան է անցկացնում։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, որը վկայակոչում է Transfer News Live-ին, կատալոնական ակումբը կարծում է, որ կկարողանա նոր համաձայնության գալ բրազիլացի վինգերի հետ։ 27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:
Այս մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է տասը գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ: Բրազիլացին «Բարսելոնայի» գույները ներկայացնում է 2022 թվականի ամառվանից՝ նրան գնել են անգլիական «Լիդսից»։