ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ։
«Ֆուտբոլային հանրության հարգելի ներկայացուցիչներ,
Հայաստանի ազգային հավաքականի վերջին պարտությունից հետո մեր թիմի երկրպագուների մի հատված պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով ոչ միայն մեր տարբեր տարիքային հավաքականների ցուցադրած ոչ բավարար արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ, ֆեդերացիայի գործունեությունից:
Որպես ֆուտբոլի գլխավոր շահառուներից մեկը, ամբողջությամբ հասկանում ու ընդունում եմ երկրպագուների՝ իրենց դժգոհությունը հայտնելու իրավունքը և, կարծում եմ, իմ այս արձագանքը, եթե անգամ չփարատի հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ մարդկանց կասկածները, գոնե կդառնա քննարկման առարկա: Ցանկանում եմ նշել նաև, որ ես դիմում եմ բացառապես հայկական ֆուտբոլը առաջնահերթություն համարող մարդկանց և ոչ թե երբևէ հայկական ֆուտբոլի համար ոչինչ չարած, պատերի տակ մշտապես թաքնված ու նման պահերին իրենց ցուցադրելու առիթ փնտրող պատեհապաշտներին, հայհոյանքը ազատ խոսքի իրավունք համարող, իսկ շանտաժն ու բանսարկությունը գործելաոճ դարձրած մարդկանց:
2019 թվականի դեկտեմբերին ստանձնել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները՝ մեծ երազանքներով, հույսերով, ապագայի հանդեպ վստահ հավատով ու չմարող լավատեսությամբ։ Այս ամբողջն իր ծրագրային արտացոլումն է գտել ՀՖՖ 2019-2025թթ. առաջին ռազմավարությունում՝ իր տեսակի մեջ աննախադեպ փաստաթղթում: Ցավոք, այսօր պետք է արձանագրել, որ ռազմավարությունում տեղ գտած ծրագրերի մի մասը չեն կատարվել, մի մասն էլ իրականացվել են մասնակի: Սրանք փաստեր են, որոնք, սակայն, ունեն լրջագույն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Կնշեմ պատճառներից հիմնականները, որոնք ահռելի ազդեցություն են ունեցել ոչ միայն ֆուտբոլի, այլ ընդհանրապես Հայաստանի և ողջ աշխարհի վրա: Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը։ Արտարժույթի շուկայի ձևափոխումն էլ լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը: Բայց անգամ այդ պայմաններում մենք կարողացել ենք բազմաթիվ ֆունդամենտալ փոփոխություններ անել հայկական ֆուտբոլի համայնապատկերում, որոնց արդյունքները կքաղենք ժամանակի ընթացքում։
Ֆուտբոլային հանրությունը դժգոհ է առկա վիճակից: Հավատացեք՝ առավել շատ դժգոհ եմ ես: Կտրուկ առաջընթացի, հավաքականների կայուն խաղի բացակայությունը, ազգային ստադիոնի կառուցումը, տարբեր տեսակի երազանքների իրականացումը բոլորիս, առաջին հերթին իմ գործն է ու պատասխանատվությունը: Վստահեցնում եմ՝ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան արել է հնարավոր, անգամ անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար: Ցավոք, դա բավարար չէր, և հիմա կրկին կանգնած ենք հերթական շրջապտույտի առաջ: Առկա է հրաժարականի պահանջ, որից երբևէ չի անհանգստացել ՀՖՖ ղեկավար կազմը: Չենք անհանգստացել, քանի որ աշխատել ենք ազնիվ, պահպանել բոլորի համար արդար պայմաններ, բազմաթիվ մեծ ծրագրեր իրականացրել, որոնք անհրաժեշտ են լավ ֆուտբոլ ունենալու համար:
Ուղղակի, մեր ակումբներից մի քանիսը փորձել են ֆեդերացիայից ստանալ արտոնություններ, առավելություններ այլ թիմերի հանդեպ ու չստանալով՝ դարձել թունդ ընդդիմադիր: Մեր ակումբների սեփականատերերից մի քանիսին թվում է, կամ գոնե նրանք այդպես են պնդում, թե պատանեկան հավաքականների ֆուտբոլիստներին մենք ենք պատրաստում, և իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն մանկապատանեկան ֆուտբոլի համար, մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է։ Մեր մարզիչների մի հատվածին էլ թվում է, որ իրենք ամեն ինչ գիտեն, բայց նրանց ցուցադրած արդյունքները ուղիղ հակառակի մասին են վկայում… Այս ցանկը կարելի է շարունակել, և հաստատապես նման իրավիճակում առկա է ՀՖՖ ղեկավարության մեղավորությունը, քանի որ, օրինակ, մեզ ամբողջությամբ չի հաջողվել իրականացնել ակումբներում մանկապատանեկան ֆուտբոլի չափանիշների վերահսկումը։ Մենք նաև չենք հաջողել հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական միավորման հարցում: Սակայն ցավալի է, որ կառուցողական քննադատությանը, որը մշտապես քննարկել ենք մեր շահառուների հետ տարբեր հարթակներում և ձևաչափերով, խառնվում է պատեհապաշտների ձայնը, այն մարդկանց, որոնք միայն սեփական շահի մասին են մտածում։ Նման մարդիկ կան յուրաքանչյուր երկրում ու բնագավառում: Ափսոս է միայն, որ մեր երկրում դրանք խառնվել են իրական ֆուտբոլասերների հետ:
Ո՞րն է լուծումը: Վերջին տարիներին ֆուտբոլում ձևավորվել է թափանցիկ և մրցակցային ՀՖՖ ղեկավարությունն ընտրելու ավանդույթը։ Հակառակ դեպքում անընդհատ, հավաքականի յուրաքանչյուր անհաջողությունից հետո պիտի փոխվեն ղեկավարները, և այդ դեպքում չի փոխվելու ոչինչ: Հասկանում եմ մեր ֆուտբոլասերների դժգոհությունները, բայց չեմ ընդունում վերջնագրերով խոսելու գործելաոճը։ Կառչած չեմ և երբևէ կառչած չեմ եղել ֆեդերացիայի նախագահի աթոռից, այլ մշտապես ֆուտբոլի շահը գերադասել եմ անձնականից: Եվ պարտադիր եմ համարում այս պահին ավարտին հասցնել սկսված կարևոր նախաձեռնությունները, որոնք 2025 թվականին պետք է իրականություն դառնան անհրաժեշտ կայունության պարագայում։ Առաջինը՝ Հայաստանը և Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել Աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի անցկացման համար: Իր տեսակով նման մրցաշարի անցկացումը մեծ խթան է դառնալու Հայաստանում ֆուտբոլային, ինչպես նաև այլ տեսակի ենթակառուցվածքների զարգացման համար: Այս գործընթացում կարող են լինել բազմաթիվ խոչընդոտներ, որոնք լիահույս ենք հաղթահարել մեր միջազգային գործընկերների օգնությամբ։ Մոտ ենք Հայաստանում Ազգային ստադիոնի ծրագրի մեկնարկին, որը կարևորագույն նախագիծ կդառնա հայկական ֆուտբոլում։ 2025 թվականին կայանալիք ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կոնգրեսներում Հայաստանի համար կարևոր որոշումներ պետք է կայացվեն, որոնց արդյունքում Հայաստանը վերջնականապես կամրապնդվի համաշխարհային ֆուտբոլային քարտեզի վրա։
Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով։
Լիահույս եմ, որ գալիք տարվա գործընթացներով կհաջողվի միավորելու հայկական ֆուտբոլով մտահոգ մարդկանց ամբողջական զանգվածը։»,- Արմեն Մելիքբեկյանի խոսքերը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։