Սեսկ Ֆաբրեգաս. «Հասկանալի է, թե ինչու են Յամալին համեմատում Մեսսիի հետ»

Իսպանացի նախկին ֆուտբոլիստ, այժմ «Կոմոյի» մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի և արգենտինացի Լիոնել Մեսսիի համեմատությունները։

«Ինձ դուր չեն գալիս այս համեմատությունները, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ անհատականություն է։ Յամալը պետք է իր ուղին անցնի ֆուտբոլում։

Իհարկե, կան բազմաթիվ նշաններ, որոնք ստիպում են մտածել Մեսսիի հետ համեմատվելու մասին։ Սա նորմալ է «Բարսելոնայի» երկրպագուների համար, ովքեր դժվար ժամանակներ են անցել»,- իսպանացու խոսքերն է փոխանցում ESPN-ը։

Ներկայումս 17-ամյա Յամալին Transfermarkt պորտալը գնահատում է 150 միլիոն եվրո։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իսպանացին անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։