Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել Անդրես Ինյեստայի` կարիերան ավարտելու կապակցությամբ

Մադրիդի «Ռեալը» հայտարարություն է տարածել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինյեստայի կարիերան ավարտելու կապակցությամբ։

Անդրես Ինյեստայի հեռանալու վերաբերյալ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը, նրա նախագահը և տնօրենների խորհուրդը հանդես են եկել հայտարարությամբ` արտահայտելով իրենց հիացմունքն ու համակրանքը իսպանական և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկի նկատմամբ։

«Բացի կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսներից, Անդրես Ինյեստան իր խաղով և իր արժեքներով նպաստեց ֆուտբոլի զարգացմանը։ 2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում նրա գոլը հավերժ կմնա իսպանացի բոլոր երկրպագուների հիշողության մեջ»,- ասվում է մադրիդյան ակումբի հայտարարության մեջ: