Կյանքից հեռացել է Հոլանդիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը

73 տարեկան հասակում մահացել է հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Յոհան Նեսկենսը։

Ինչպես հայտնում է Voetbal International-ը, Նեսկենսը հիվանդացել է կիրակի օրը Ալժիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որտեղ նա մասնակցում էր Հոլանդիայի թագավորական ֆուտբոլային միության անունից։

Հավաքականի կազմում Նեսկենսը երկու անգամ դարձել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (1974, 1978), ինչպես նաև 1976 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Նա Հոլանդիայի հավաքականի կազմում անցկացրել է 49 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։

Իր խաղային կարիերայից հետո Նեսկենսը երկար տարիներ աշխատել է պրոֆեսիոնալ ֆուտբոլում՝ որպես մարզիչ։ 1990-ականների վերջին նա եղել է Գուս Հիդինկի և Ֆրանկ Ռայկարդի օգնականը Հոլանդիայի հավաքականում։

Հետագայում Նեսկենսը Հիդինկի հետ աշխատել է Ավստրալիայի հավաքականում և Ռայկարդի օգնականն էր «Բարսելոնայում»։

Ֆուտբոլային իր կարիերայի ընթացքում Նեսկենսը հանդես է եկել «Այաքսում», «Բարսելոնայում», «Նյու Յորք Կոսմոսում» ինչպես նաև մի շարք այլ ակումբներում։