Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան խոսել է Մարզական արբիտրաժային դատարանի կողմից Պոգբայի որակազրկման ժամկետի կրճատման որոշման մասին։
«Ակումբը կորոշի, թե ինչ անել Պոգբայի հետ։ Պոլը հիանալի ֆուտբոլիստ էր։ Նա երկար ժամանակ չի խաղացել։ Ես կենտրոնանում եմ միայն ներկայի վրա»,- Մոտտայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան դոպինգ թեստ էր հանձնել, որի արդյունքը դրական էր։
Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։ Այն բանից հետո, երբ դատարանը որոշեց որակազրկել Պոգբային, նա վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Մարզական արբիտրաժային դատարանը դոպինգի համար 31-ամյա ֆուտբոլիստի որակազրկումը չորսից իջեցրել է մեկուկես տարվա։