Դատարանը թույլ է տվել Դիեգո Մարադոնայի մարմինը տեղափոխել դամբարան

Սան Իսիդրո քաղաքի (Արգենտինա) դատարանը համաձայնել է լեգենդար Դիեգո Մարադոնայի երեխաների խնդրանքին՝ ֆուտբոլիստի մարմինը դամբարան տեղափոխելու վերաբերյալ։ հայտնում է Clarin-ը։

Նշվում է, որ համաշխարհային ֆուտբոլի լեգենդի մարմինը մասնավոր (փակ) Bella Vista գերեզմանոցից կտեղափոխվի դամբարան, որը կառուցվում է Բուենոս Այրեսի կենտրոնում։

Դամբարանի կառուցումը ֆուտբոլիստին նվիրված Memorial 10 նախագծի մի մասն է։ Դամբարանը բաց կլինի հանրության համար։

«Այս վայրը շատ ավելի ապահով է, քան ներկայիս։ Արգենտինայի ժողովուրդը և աշխարհի քաղաքացիները կկարողանան հարգանքի տուրք մատուցել իրենց կուռքին»,- ասել են Մարադոնայի երեխաները։