Արտետա. «ՊՍԺ-ն իսկապես բարդ մրցակից է»

«Արսնալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի՝ ՊՍԺ-ի հետ տնային հանդիպման սպասելիքներով։

«Բոլորն անհամբեր սպասում են ՊՍԺ-ի դեմ տնային հանդիպմանը: Այս մրցաշրջանում ձևաչափը մի փոքր այլ է, և այն ընդդիմությունը, որին մենք հանդիպում ենք, կարելի է ասել, եվրոպական ֆուտբոլում ամենաբարձր մակարդակի վրա է: Սա հիանալի հնարավորություն է։

ՊՍԺ-ն իսկապես բարդ մրցակից է։ Նրանք տիրում են ամբողջ հանդիպմանը, և նրանց մտադրությունները շատ պարզ են: Երբ նրանք չունեն գնդակ, նրանք ցանկանում են վերադարձնել այն և հարձակվում են քեզ վրա: Սա Լուիս Էնրիկեն է: Ուր էլ գնում է, նույնն է խաղում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։