ՀՖՖ Ֆուտբոլի դպրոցական գավաթը կանցկացվի 3 տարիքային խմբերում

ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի շաբաթվան ընդառաջ՝ ՀՖՖ-ն ներկայացնում է ՀՖՖ Ֆուտբոլի դպրոցական գավաթի մասնակցության մանրամասները:

«Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի շրջանակում 2024 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կանցկացվի ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական գավաթը տարիքային 3 (Մ-10, Մ-12 և Մ-14) խմբերի աշակերտների համար։

Դպրոցական մրցումները Մ-10 և Մ-12 տարիքային խմբերում կանցկացվեն 2 փուլով՝ համայնքային և մարզային/Երևանյան, իսկ Մ14 տարիքային խմբում՝ 3 փուլով՝ համայնքային, մարզային/Երևանյան և հանրապետական։ Մ-10 և Մ-12 խմբերի թիմերը բաղկացած կլինեն ինչպես տղա, այնպես էլ աղջիկ աշակերտներից, իսկ Մ-14 խմբի թիմերը՝ միայն տղա աշակերտներից:

Բոլոր տարիքային խմբերում չի թույլատրվում թիմերի կազմում խաղերին ներգրավել 2024/25 մրցաշրջանի ՀՖՖ մանկապատանեկան մրցումներին հայտավորված ֆուտբոլիստներին։

2024թ․ ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական գավաթին գրանցվելու և մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ սեպտեմբերի 30-ը՝

– ծանոթանալ 2024թ․ ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական մրցումների անցկացման կանոնակարգին ,

– կազմավորել դպրոցի աշակերտներից բաղկացած Մ10, Մ12 և Մ14 տարիքային խմբերի թիմեր (յուրաքանչյուր դպրոց կարող է մասնակցել 1-ից ավել տարիքային խմբով),

– այցելել հետևյալ հղմամբ և գրանցել յուրաքանչյուր թիմին` կցելով անհրաժեշտ հայտի թեթրիկը/ները

– հայտում նշված յուրաքանչյուր աշակերտի վերաբերյալ կազմել և ունենալ տեղեկանք, որն անհրաժեշտ է ներկայացնել յուրաքանչյուր խաղին։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի կամ մարզերում ՀՖՖ ներկայացուցիչների հետ։