Վիկտոր Բոնիֆեյս. «Ես գումար էի վճարում Չեմպիոնների Լիգա դիտելու համար, իսկ հիմա խաղում եմ այստեղ»

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսը կիսվել է Չեմպիոնների Լիգայում իր նորամուտից հետո հույզերով։ Հիշեցնենք, որ երեկ «դեղագործները» հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթել են «Ֆեյենորդին»։

«Ես վճարել եմ 30 նայրա (նիգերական արժույթ) Չեմպիոնների Լիգան դիտելու համար, և այժմ խաղում եմ այս մրցաշարում։ Շատ հպարտ եմ սրանով»,- Բոնիֆեյսի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վիկտորն օգնեց «Բայերին» նվաճել Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսը՝ ազգային առաջնությունում դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նիգերիացին նոր մրցաշրջանը սկսել է 3 խաղում 2 գոլով և 1 գոլային փոխանցումով։