Կիլիան Մբապպե․ «Գիտեմ, որ ավելի շատ գոլ պիտի խփեմ»

Կիլիան Մբապպեն կիսվել է իր տպավորություններով Չեմպիոնների Լիգայում Մադրիդի «Ռեալի» կազմում իր նորամուտից հետո։
1-ին տուրի խաղում «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»։

Հանդիպման հաշիվը բացեց Մբապպեն՝ 46-րդ րոպեին Ռոդրիգոյի փոխանցումից հետո գոլի հեղինակ դառնալով։

«Հիանալի երեկո։ Մենք ցանկանում էինք Չեմպիոնների Լիգան սկսել հաղթանակով, դժվար հանդիպում էր։ Կարևոր էր հաղթել առաջին խաղում։ Չեմպիոնների Լիգան փոխվել է, և պետք է որքան հնարավոր է շուտ հաղթել: Մրցակիցը լավ խաղաց, սակայն առաջին խաղակեսում մենք խնդիրներ ունեցանք գնդակը սեփական կիսադաշտից դուրս բերելու հարցում։ Երկրորդ խաղակեսում մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, ճնշեցինք և հաջողության հասանք:

Ես կարող եմ ավելի շատ գոլ խփել: Ամեն խաղում ես ինձ ավելի լավ եմ զգում և գիտեմ, որ ավելի շատ գոլ կխփեմ։ Ամեն անգամ, երբ խաղում ես «Ռեալում», պետք է պայքարես ցանկացած գավաթ նվաճելու համար։ Ասել, որ ես այստեղ եմ եկել միայն Չեմպիոնների Լիգան հաղթելու համար, սխալ է։ Մենք փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, իսկ «Շտուտգարտի» հետ խաղում մենք հասանք մեր նպատակին. կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ խաղում»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը Movistar-ին տված հարցազրույցում։