Կառլո Անչելոտտին կոչ է արել ֆուտբոլային պաշտոնյաներին դիտարկել խաղերի քանակի կրճատման հարցը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կոչ է արել ֆուտբոլային պաշտոնյաներին դիտարկել մրցաշրջանի խաղերի քանակի կրճատման հարցը՝ կապված խաղացողների վնասվածքների հաճախակիության հետ:

«Խաղացանկը չափազանց լարված է։ Մենք ունենք Չեմպիոնների Լիգայի նոր ֆորմատ, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսին կլինի արդյունքը։ Բայց ակնհայտ է, որ մեզ մոտ երկու խաղ է ավելացել։

Եթե ղեկավար մարմինները չսկսեն մտածել այն ֆուտբոլիստների մասին, որոնք ստանում են վնասվածքներ՝ չափազանց շատ խաղալու պատճառով, մենք մեծ խնդիրների առաջ կկանգնենք։

Ես խնդրում եմ նրանց կանգ առնել և մտածել խաղերի քանակը կրճատելու մասին, որպեսզի մրցաշարերն ավելի գրավիչ լինեն», — ասել է Անչելոտտին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Շտուտգարտի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

«Ռեալը» այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խաղալու է «Շտուտգարտի» հետ։ Խաղի սկիզբը՝ 23:00։