Յոզուա Կիմիխը կարող է տեղափոխվել ֆրանսիական ակումբ

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Մաքս Էբերլը խոսել է 29-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ փարիզեցիների հետաքրքրության մասին։

ՊՍԺ-ն շատ է հետաքրքրված Կիմիխով, և Յոզուան արդեն խոսել է նրանց հետ, ինչը թույլատրված է ֆուտբոլում։ Բայց մենք ցանկանում ենք, որ նա և Ջամալ Մուսիալան լինեն «Բավարիայում»»,- Էբերլի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

Կիմիխի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մյունխենցիների 43 խաղում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։