Ինդոնեզական «Աչեհ Յունայթեդ» – «Բանդար Սուլթենգ» հանդիպման վերջնամասում հյուրերի ֆուտբոլիստը բռունցքով հարվածել է գլխավոր մրցավարի ծնոտին, ով, ըստ ֆուտբոլիստի, ողջ հանդիպման ընթացքում որոշումներ է կայացրել հօգուտ մրցակցի։
Հանդիպման 90+8-րդ րոպեին գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց Բանդար Սուլթենգի դեմ, և այդ ժամանակ թիմն արդեն խաղում էր 9 հոգով։ Այն բանից հետո, երբ մրցավարը ընկավ գետնին, խաղադաշտում հայտնվեցին շտապօգնության մեքենաներ։ Մրցավարը չի կարողացել շարունակել իր աշխատանքը։
Տանտերերը չկարողացան իրացնել 11-մետրանոցը, սակայն մի քանի րոպե անց հերթական 11-մետրանոցը նշանակվեց Բանդար Սուլթենգի դարպասին, ինչի շնորհիվ «Աչեհ Յունայթեդին» հաջողվեց հավասարեցնել հանդիպումը և խաղն ուղարկել լրացուցիչ ժամանակ: Բայց հյուրերը հրաժարվեցին շարունակել հանդիպումը և լքեցին խաղադաշտը։