Էրիկ տեն Հագը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին, ով ավելի վաղ հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերակազմավորման կարիք ունի, և որ ներկա իրավիճակում իրենք չեն կարողանա պայքարել Պրեմիեր Լիգայում և Չեմպիոնների Լիգայում կամ Եվրոպա Լիգայում հաղթանակի համար։

«Նա ասաց, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարող հաղթել: Նա հենց այդպես էլ ասաց. Բայց դա հեռու է Մանչեսթերից՝ Սաուդյան Արաբիայում է նա հանդես գալիս։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքի իրավունքը, դա նորմալ է», – մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2003-ից 2009 թվականներին և 2021-ից 2022 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 346 հանդիպման, որոնցում դարձել է 145 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։