««Չելսիի» հետ խաղալը մեծ մարտահրավեր է «Նոայի» համար». Աննա Օհանյան

«Նոա» ՖԱ-ի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի՝ Լիգայի փուլի վիճակահանության մասին։

«Շատ հուզական պահ էր ու բավական տարբերվում էր որակավորման փուլերի վիճակահանությունից: Շատ ոգևորված էինք տեսնել «Չելսիին» մեր մրցակիցների շարքում: Ցանկանում էինք խաղալ «Չելսիի» հետ:Կարծում եմ՝ սա մեծ մարտահրավեր է հատկապես մեր նման երիտասարդ ու շատ հավակնոտ ակումբի համար: Շատ հետաքրքիր մարտահրավեր է»,-ասել է ակումբի զարգացման տնօրենը:

Խոսելով թիմի երկրպագուների մասին Աննա Օհանյանն ասել է ․

«Կարծում եմ՝ նրանք կլինեն «Նոայի» կողքին, քանի որ «Նոան» միակ թիմն է Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում, որը որակավորման առաջին փուլից հասել է մինչև Լիգայի փուլ: Նրանք շատ ուրախ են «Նոայի» համար: Վստահ եմ՝ մեր երկրպագուների կողմից շատ մեջ աջակցություն կստանանք առաջիկա խաղերում»:

Հիշեցնենք, որ Եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում Հայաստանի միակ ներկայացուցիչը պայքարը կսկսի հոկտեմբերի 3-ին՝ Չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ տնային խաղով։ Հոկտեմբերի 24-ին «Նոան» արտագնա խաղ կանցկացնի ավստրիական «Ռապիդի», իսկ նոյեմբերի 7-ին՝ Լոնդոնի «Չելսիի» հետ։ Նոյեմբերի 28-ին Երևանում կկայանա իսլանդական «Վիկինգուրի», իսկ դեկտեմբերի 12-ին՝ Կիրպոսի ԱՊՕԵԼ-ի հետ խաղը։ Լիգայի փուլը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին՝ սերբական «Բաչկա Տոպոլայի» հետ արտագնա խաղով։