«Ես առաջընթաց եմ տեսնում». Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Լատվիայի դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Լատվիայի հավաքականի դեմ նախորդ խաղում ես հիվանդացել էի և շատ վատ էի զգում ինձ։ Ես պառկած էի հյուրանոցում և շատ բան բաց թողեցի։ Դա նույնպես ազդեց խաղի արդյունքի վրա։ Հետո առավոտյան մարզմանը տեսա, որ կա մրցակցին թերագնահատելու միտում։ Ես տղաներին ասացի, որ լինելու է բարդ հանդիպում, քանի որ մենք չունենք համաշխարհային կարգի ֆուտբոլիստներ։ Ունեի վատ զգացողություն, բայց իմ ձայնը լսելի չեղավ։ Մենք խաղում էինք սպիտակ համազգեստով։ Դաշտ մտանք մաքուր համազգեստով ու այդպես էլ դուրս եկանք դաշտից։ Այդ հարցով զրուցել ենք տղաների հետ։ Ասածս տեղ հասել է, թե՝ ոչ, կտեսնենք վաղվա խաղում։

Կենտրոնական հարձակվողի դիրքի խնդիր մասին կասեմ, որ ես հավաքականի մարզիչ եմ և չեմ կարող ֆուտբոլիստների գնել։ Այո, այսօր Հայաստանի հավաքականը չունի կենտրոնական հարձակվող։ Թե ինչպես կլուծենք այդ խնդիրը, վաղը կտեսնենք։ Ես միշտ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում։

Հրանտ Լեոն-Ռանոսը միջին մարզավիճակում է։ Նա ցանկանում է խաղալ, ամբիցիաները բարձր են, իսկ ես նրան ասում եմ, որ եթե չի խաղում իր ակումբում, պետք է ընտրել այնպիսին, որտեղ կունենա խաղաժամանակ։ Սակայն նա ասում է, որ ցանկանում է խաղալ Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»։ Արթուր Միրանյանն էլ առանց թիմի է մնացել և առայժմ ակումբ է փնտրում։

Երեկ մեր մարզաբազա էին ժամանել ՀՖՖ նախագահն ու փոխնախագահը։ Նախագահը 10 րոպեանոց զրույց ունեցավ ֆուտբոլիստների հետ։ Նա պատմեց Ազգերի Լիգայի կանոնակարգի մասին։ Նախագահը թիմի առջև դրեց առաջին տեղ գրավելու խնդիր։ Ես էլ որպես մարզիչ առաջադրանքներ եմ դնում թիմի առջև։ Երազում ենք հաջողության հասնելու համար և բոլոր ուժերը կներդնենք դրա համար։ Դրական ենք տրամադրված, ֆուտբոլիստների վիճակը, մարզումային գործընթացին վերաբերմունքը, շատ բան է փոխվել թիմում։ Այնպես չէ, ինչպես նախկինում էր։ Ես առաջընթաց եմ տեսնում բոլոր ուղղություններում, և դա ոչ թե մարզչական շտաբի, այլ ֆուտբոլիստների արժանիքն է։

Ես զրուցել եմ Տիգրան Ավանեսյանի հետ, նա ասաց, որ այս պահին ցանկանում է կենտրոնանալ ակումբային գործերի վրա։ Ես նրան հաջողություն մաղթեցի։ Նա ասաց, որ երբ «Բալթիկան» նվաճի ռուսական Պրեմիեր Լիգայի ուղեգիր, նա կզանգի ինձ։ Իսկ ես ասացի, որ այդ ժամանակ պետք է ուրիշին զանգել։

Ինչ վերաբերում է Տիգրան Բարսեղյանին, իմ ընտրությունը կանգ է առել երեք աջ վինգերների վրա՝ Սևիկյանի, Բիչախչյանի ու Սերոբյանի վրա։ Նրանք գոհացնում են ինձ։ Դա իմ ընտրությունն է, ես գլխավոր մարզիչն եմ»,- ասել է ուկրաինացի մասնագետը։

Հայաստան – Լատվիայի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարսգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 20։00-ին։