«Բենֆիկան» ներկայացրել է իր նոր գլխավոր մարզչին

Լիսաբոնի «Բենֆիկայի» պաշտոնական կայքը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Նոր մարզիչը 48-ամյա պորտուգալացի մասնագետ Բրունո Լագեն է, ով նախկինում աշխատել էր «արծիվների» հետ 2019 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հունիսը՝ նախկինում վեց ամիս գլխավորելով «Բենֆիկան Բ»-ն:

Հաղորդվում է, որ Լագեի հետ պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Պորտուգալացու նախորդ ակումբը բրազիլական «Բոտաֆոգոն» էր, որտեղ նա աշխատել է 2023 թվականի հուլիսից հոկտեմբեր:

Լագեից առաջ «Բենֆիկայի» գլխավոր մարզիչն էր Ռոջեր Շմիդտը, ով սեպտեմբերի 1-ին լքեց ակումբը՝ «Մորեյրենսեի» հետ ոչ-ոքիից (1-1) հետո։ Պորտուգալական Պրիմերայի մեկնարկային չորս հանդիպումներից հետո «արծիվները» վաստակել են յոթ միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը։