«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Ֆիլ Ֆոդենը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Անգլիայի հավաքականի սեպտեմբերյան հավաքը։ Այս մասին խոսել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
«Չեմ կարծում, որ Ֆիլը կգնա ազգային հավաքական։ Կարծում եմ՝ չի գնա, բայց հաստատ չգիտեմ։ Նա իրեն լավ չի զգում։ Բայց որոշումը կկայացնի ազգային թիմը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
24-ամյա Ֆոդենը հիվանդության պատճառով բաց է թողել Պրեմիեր Լիգայի 2-րդ և 3-րդ տուրերի հանդիպումները։
Անգլիան սեպտեմբերին երկու հանդիպում կանցկացնի Ազգերի Լիգայում։ Սեպտեմբերի 7-ին անգլիացիները արտագնա խաղում կխաղան Իռլանդիայի հետ, իսկ 10-ին կհյուրընկալվեն Ֆինլանդիային։