Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայի 3-րդ տուրում «Լաս Պալմասի» հետ ոչ-ոքին (1:1).
«Առաջին խաղակեսը վատ էր, մեզ համար դժվար էր տարբերակներ գտնել՝ խաղալու, գնդակը վերադարձնելու, հավասարակշռությունը պահպանելու համար… Այս ամենն արդեն ունեինք «Մալյորկայի» հետ խաղում (1:1): Պետք է արագ լուծում փնտրել, և կարծում եմ՝ կգտնենք այն։
Մեզ համար դժվար է նախորդ մրցաշրջանի պես ամուր դիրք գրավել, բայց արդարացումներ փնտրել պետք չէ։ Օրացույցը սեղմ է, պետք է արագ լուծում գտնել, կիրակի խաղ ունենք։
Մենք պետք է ավելի լավ հաղորդենք մեր ռազմավարությունը խաղադաշտում, կենտրոնանանք և լավ հանդես գանք: Այս երեք խաղերն ինձ ցույց տվեցին շատ բաներ, որոնք այնքան էլ լավ չեն ստացվում:
Դանդաղ ենք խաղում, շարժունակության պակաս ունենք, գնդակը հասնում է հարձակվողներին, երբ մրցակիցները ամուր պաշտպանվում են, դժվարանում ենք գծերի միջև տարածություններ գտնել… Լավ ճնշում էինք գործադրում, բայց պետք է ավելի լավ տիրել գնդակին։
Երբ խնդիր է առաջանում, լուծում գտնելը մարզչի պարտականությունն է: Չեմ կարծում, որ դա հոգեբանական խնդիր է, թիմը լավ է մարզվում, բնավորության կամ վերաբերմունքի պակաս չկա։ Երբեմն դա տեղի է ունենում ֆուտբոլում. չես կարող գտնել լավագույն տարբերակը խաղալու համար:
Մրցաշրջանը սկսվել է, մենք չենք կարող միավորներ կորցնել, ինչպես այս երկու խաղերում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։