Իսպանիայում դեռահաս է մահացել ֆուտբոլային խաղադաշտում անհայտ անձի հարձակման հետևանքով։
Իսպանական COLPISA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ օգոստոսի 18-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի մաս կազմող Տոլեդո նահանգի Մոսեխոն մունիցիպալիտետում։
11-ամյա Մատեոն ընկերների հետ ֆուտբոլ էր խաղում տեղի սպորտային կենտրոնում, երբ մի երիտասարդ անսպասելիորեն ներխուժեց նրանց տարածք՝ դեմքը ծածկված շարֆով և դանակը ձեռքին։ Երեխաների վրա հարձակվելու նպատակով անհայտ անձը շարժվել է դեպի խաղադաշտ։ Տղաները սկսել են վազել, սակայն հարձակվողը հասել է ու մահացու հարված հասցրել նրանցից մեկին, որից հետո դեպքի վայրից փախել է մոխրագույն Ford Mondeo-ով։
Քաղաքացիական գվարդիան, ազգային ոստիկանության աջակցությամբ, մարդասպանին հայտնաբերելու և ձերբակալելու գործողություն է սկսել՝ ներգրավելով առնվազն 12 պարեկ և մեկ ուղղաթիռ։ Ենթադրվում է, որ իրավախախտը կարող է ունենալ հոգեկան խանգարումներ։ Դեպքի ականատեսների վկայությամբ՝ հարձակվողը մոտ 18 տարեկան երիտասարդ էր։
Նշվում է, որ տուժածի ընտանիքը պատկերացում չունի, թե ով կարող է հանցագործություն կատարել։