Հայտնի են դարձել Ռոդրիգոյի ապագայի մանրամասները «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կմնա մադրիդյան ակումբում՝ չնայած «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության։ Այս մասին հայտնում է Relevo-ի լրագրող Ռոդրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» լիովին աջակցում է Ռոդրիգոյին և հույսը դնում է նրա վրա՝ որպես գալիք մրցաշրջանի առանցքային ֆուտբոլիստներից մեկի։ 23-ամյա հարձակվողին շրջապատողներն արդեն հասկացրել են, որ նա չի մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին։ Նշվում է, որ ակումբը պատրաստ է բրազիլացուն լիարժեք ազատություն տալ խաղերի հարցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին կարող է կորցնել իր տեղը թիմում Կիլիան Մբապպեի՝ թիմին միանալուց հետո։

Անցած մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։