Դեյլի Բլինդը ավարտեց միջազգային կարիերան

«Ժիրոնայի» կենտրոնական պաշտպան Դեյլի Բլինդը հայտարարել է Հոլանդիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

Ֆուտբոլիստը հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի փետրվարի 6-ին Իտալիայի դեմ ընկերական խաղում (1։1) 22 տարեկան 10 ամսական 28 օրական հասակում։ 34-ամյա ֆուտբոլիստը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 108 հանդիպում, դարձել 3 գոլի, 15 գոլային փոխանցման և 13 դեղին քարտի հեղինակ։

«Ինձ համար պատիվ էր ազգային հավաքականի կազմում 108 հանդիպում անցկացնելը։ 11 տարի ես ամեն ինչ արել եմ այս նարնջագույն համազգեստը արժանապատվորեն հագնելու համար։ Նոր տաղանդավոր սերունդ է աճում, և գլխավոր մարզչի հետ խոսելուց հետո ես որոշեցի ամբողջությամբ կենտրոնանալ ակումբի և ընտանիքիս վրա»,- գրել է Բլինդը սոցցանցերում։

Բլինդը աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր է, իսկ Ազգերի լիգայի արծաթե մեդալակիր։