«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով այժմ պաշտոն է զբաղեցնում թիմի ղեկավարության մեջ, բացատրել է Իսպանիայի հավաքականի ավագ Ալվարո Մորատայի տեղափոխությունն ակումբ։
«Ես որպես նախկին ֆուտբոլիստ լավ գիտեմ, որ լավ ֆուտբոլիստը պետք է իրեն դրսևորի ոչ միայն խաղադաշտում, այլև խաղադաշտից դուրս։ Պետք է հավասարակշռություն լինի, և Մորատան դա ունի: Չեմ կասկածում, որ նա օպտիմալ կերպով կհամապատասխանի թիմին։
Բոլորը սպասում են նրան։ Բոլորը ցանկանում են հնարավորինս շուտ ճանաչել նրան և աշխատել նրա հետ։ Մորատան գիտի «Միլանի» ԴՆԹ-ն, և նա հավակնոտ ծրագրեր ունի»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
Նախորդ մրցաշրջանում 31-ամյա Մորատան բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։