Սերբիայի հավաքականի դարպասապահը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Սերբիայի հավաքականի դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչը «Մալյորկայից» տեղափոխվեց «Ալ-Իթիհադ»։ Ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտնել է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Transfermarkt-ի համաձայն՝ 28-ամյա դարպասապահի պայմանագիրը «Ալ-Իթթիհադի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը, իսկ տրանսֆերային արժեքը կազմել է 11 միլիոն եվրո:

Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Ռայկովիչը մասնակցել է Սերբիայի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներին՝ բաց թողնելով երկու գնդակ։

2023/24 մրցաշրջանում սերբ դարպասապահն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 36 հանդիպում և բաց թողել 43 գնդակ՝ 9 հանդիպումներում դարպասը անառիկ պահելով։

Հիշեցնենք, որ «Ալ-Իթիհադում» խաղում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կարիմ Բենզեման, Ն’Գոլո Կանտեն և Ֆաբինյոն: