Անգլիական ակումբը չի կարողացել համաձայնության գալ Մատիս դե Լիգտի տրանսֆերի շուրջ

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները դեռևս չեն կարողացել համաձայնության գալ Մյունխենի «Բավարիայի» հետ՝ ամառային այս տրանսֆերային պատուհանում հոլանդացի պաշտպան Մատիս դե Լիգտի տրանսֆերի հարցում։

Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ «Բավարիայի» հետ 24-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Մյունխենյան թիմը ցանկանում է պաշտպանի վաճառքից վաստակել առնվազն 50 միլիոն եվրո։ Հարկ է նշել, որ արձակուրդից հետո Դե Լիգտը կվերադառնա «Բավարիա» նախամրցաշրջանային մարզումների։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մատիս դե Լիգտը մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում Գերմանիայի առաջնությունում, որոնցում խփել է երկու գնդակ և ստացել հինգ դեղին քարտ։