«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոուզը պատասխանել է 26-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերի շուրջ «Լայպցիգի»՝ «Բարսելոնայի» հետ բանակցությունների մասին հարցին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ գերմանական ակումբը մերժել է կատալոնական թիմի առաջարկը՝ գործարքի ցածր գումարի պատճառով։
«Ֆուտբոլիստն ունի արժեք, որը նա վաստակել է մեզ հետ։ Նա հրաշալի է զարգացել։ Բոլորը գիտեն, թե ինչի է ընդունակ Դանի Օլմոն։ Բոլորը պետք է իմանան ֆուտբոլիստի արժեքը։ Այս առումով ակումբը, որն իսկապես ցանկանում է ձեռք բերել նրան, պետք է առաջարկի Դանի Օլմոյի մակարդակին համապատասխան գին»,- Ռոուզի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ը։
Նախորդ մրցաշրջանում Օլմոն ակումբի և ազգային հավաքականների բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։