«Չելսին» հեռացրել է Քոնոր Գալախերին թիմի մարզումներից

«Չելսին» հեռացրել է 24-ամյա կիսապաշտպան Քոնոր Գալախերին թիմի մարզումներից։ Այս մասին հայտնում է լրագրող Թոմ Բարքլին։

Աղբյուրի համաձայն՝ Գալախերը հայտնել է, որ պատրաստ է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել թիմի հետ։ Ի պատասխան այս ամենին՝ կիսապաշտպանին ասել են, որ եթե նա ժամանի թիմի մարզմանը, իրեն թույլ չեն տա ներկա գտնվել։

Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ «Չելսին» ցանկանում է վաճառել անգլիացի ֆուտբոլիստին՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների հարցում իր դիրքերը բարելավելու համար։

Հաղորդվում էր, որ 24-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն», որը պատրաստ է Գալախերի տրանսֆերի համար «Չելսիին» առաջարկել 30 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։