Սաուդյան Արաբիան ՖԻՖԱ-ին պաշտոնական հայտ է ներկայացրել Աշխարհի 2034 թվականի առաջնությունն անցկացնելու համար: Դա տեղի է ունեցել Փարիզում ՖԻՖԱ-ի միջոցառման ժամանակ։ Սաուդյան Արաբիայի պատվիրակությունը գլխավորում էր Սաուդյան Արաբիայի արքայազն և սպորտի նախարար Աբդուլ Ազիզ բին Թուրքի Ալ Սաուդը։
«Սաուդյան Արաբիայի՝ Աշխարհի 2034 թվականի առաջնությունն ընդունելու հայտը ապագայի հայտ է: Սա մեր երեխաների և նրանց համար է, ովքեր մեծ երազանք ունեն։
Թագավորությունը նպատակ ունի հյուրընկալել ֆուտբոլի աշխարհի ամենակարեւոր իրադարձությունը, որը կհաստատի իր ազդեցիկ դիրքը համաշխարհային ասպարեզում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպորտում»,- նախարարի խոսքերն է մեջբերում Saudi Gazette-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան միակ երկիրն է, որը հայտ է ներկայացրել Աշխարհի 2034 թվականի առաջնությունն ընդունելու համար։