AS. «Բարսելոնան» կարող է վաճառել Ռաֆինյային

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան կարող է հեռանալ ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը ցանկանում է ազատվել երկու ֆուտբոլիստներից՝ Անսու Ֆատիից և Վիտոր Ռոկեից, ով վերջերս է ակումբ տեղափոխվել Հարավային Ամերիկայից։

Բայց «Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ այս վաճառքը թիմին բավարար գումար չի բերի, ուստի որոշեցին ազատվել Ռաֆինյայից։ Անձամբ՝ բրազիլացին, չի ցանկանում հեռանալ ակումբից, սակայն եթե Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը միանա կատալոնացիներին, ապա կարող է փոխել իր որոշումը։

Անցած մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։