Լոնդոնյան գրանդը հետաքրքրություն է ցուցաբերում Ֆեդերիկո Կիեզայի նկատմամբ

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» 26-ամյա վինգեր Ֆեդերիկո Կիեզայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը՝ հղում անելով Tutto Juve-ին։

Աղբյուրի համաձայն՝ «զինագործներն» արդեն տեղեկություն են խնդրել Կիեզայի մասին, ով մտածում է այս ամառ «Յուվենտուսից» հեռանալու մասին:

Ավելի վաղ Sport Mediaset-ը հայտնել էր, որ Լոնդոնի «Թոթենհեմը» պատրաստ է Կիեզայի տրանսֆերի համար վճարել 30-35 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ Կիեզան խաղադաշտում անցկացրել է 2512 րոպե։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո: