Լոնդոնյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Ֆաբիան Ռուիսին

«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին:

Անցած մրցաշրջանում 28-ամյա Ռուիսը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, սակայն նրա ներդրումների մեծ մասը եղել է Ֆրանսիայի գավաթում, և իսպանացին կանոնավոր տեղ չուներ Լիգա 1-ում կամ Չեմպիոնների Լիգայում։ Այնուամենայնիվ, Ռուիսը փայլեց EURO-2024-ում, որտեղ երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ՝ օգնելով Իսպանիայի հավաքականին հաղթել մրցաշարում։

ՊՍԺ-ն արդեն պայմանավորվել է «Բենֆիկայի» հետ Ժոաու Նևեշի տրանսֆերի շուրջ, ինչը շատ հավանական է դարձնում Ռուիսի հեռանալը։ Լրագրող Դունկան Քասլզը հայտնում է, որ «Արսենալն» արդեն կապ է հաստատել փարիզյան ակումբի հետ՝ քննարկելու Ռուիսի հնարավոր տրանսֆերը: Գործարքի հավանական տարբերակը կլինի վարձակալությունը, որին կհետևի պարտադիր գնումը, հաղորդում է Football London-ը: