Դանի Օլմոն երազում է տեղափոխվել իսպանական ակումբ և մերժել է ավելի շահավետ առաջարկներ

26-ամյա «ՌԲ Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոն երազում է տեղափոխվել «Բարսելոնա» և մերժում է այլ ակումբների ավելի շահավետ առաջարկները՝ ակնկալելով հնարավոր տրանսֆերը: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ ակումբը չափազանց բարձր է գնահատում Օլմոյի վերաբերմունքն իրենց նկատմամբ։ Ընդգծվում է, որ այս պահին երկու հանդիպում է կայացել «Բարսելոնայի» և ֆուտբոլիստի գործակալների միջև։ Հաջորդ շաբաթը կարող է վճռորոշ լինել կիսապաշտպանի՝ իսպանական գրանդ տեղափոխության հարցում։

Նախորդ մրցաշրջանում Օլմոն ակումբի և ազգային հավաքականների բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։