Լուիս Էնրիկեն զրուցել է Նիկո Ուիլյամսի հետ

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն զրուցել է «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի հետ՝ որպեսզի համոզի իսպանացուն միանա փարիզյան թիմին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի իսպանացի մարզչի անձնական ցանկությունը նպաստել է նրան, որ փարիզցիները պատրաստ են «Ատլետիկի» ֆուտբոլիստի համար վճարել ավելի շատ, քան նրա տրանսֆերային արժեքն է, և եզրային հարձակվողին առաջարկել երկու անգամ ավելի աշխատավարձ, քան նա կարող է վաստակել «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» չի կարողանա ավելի լավ պայմաններ առաջարկել, քան ՊՍԺ-ն։

Անցած մրցաշրջանում Ուիլյամսը ակումբային և ազգային հավաքականների բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։