Արտեմ Դովբիկը հրաժարվել է խոսել Դիեգո Սիմեոնեի հետ

«Ժիրոնայի» և Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտեմ Դովբիկը հրաժարվել է խոսել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, հայտնում է լրագրող Յակոպո Ալիպրանդին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի մասնագետը փորձել է կապ հաստատել հարձակվողի հետ՝ համոզելու նրան տեղափոխվել իսպանական ակումբ։ Հաղորդվում է, որ Դովբիկը հրաժարվել է խոսել նրա հետ և վստահ է «Ռոմա» տեղափոխվելու հարցում։

Անցած մրցաշրջանում Դովբիկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո: