«Բարսելոնայի» կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Cronicaglobal-ը։

Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի խաղացողի գլխավոր հավակնորդը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ենթադրվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է նույնիսկ մոտ 100 մլն եվրո վճարել նրա համար, սակայն նրանց համար ավելի ձեռնտու է սպասել, մինչև դե Յոնգի պայմանագրի ավարտին մեկ տարի մնա, որպեսզի կրճատեն տրանսֆերի արժեքը։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը նույնպես հետաքրքրված է կատալոնական թիմի կիսապաշտպանով, ով նախկինում նրա գլխավորությամբ հանդես է եկել «Այաքսում»։

Նախկինում հաղորդվում էր, որ դե Յոնգի աշխատավարձը կազմում է տարեկան 37,5 միլիոն եվրո, ինչը ամենաբարձրն է Իսպանիայի առաջնությունում։

Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել «Այաքսից» 2019 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 213 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։