Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահն արձագանքել է Օլիմպիական խաղերում Մարոկկոյի հետ սկանդալային հանդիպմանը

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Չիկի Տապիան խոսել է Օլիմպիական խաղերում Մարոկկոյի հետ սկանդալային խաղի մասին (1։2)։

Հիշեցնենք, որ Մարոկկոն հաղթում էր 2։1 հաշվով, երբ 90+16-րդ րոպեին արգենտինացիները հավասարեցրին հաշիվը։ Գոլից հետո մարոկկացի երկրպագուները ներխուժեցին մարզադաշտ, ինչի պատճառով խաղն ընդհատվեց։ Թվում էր՝ հանդիպումն այլևս չի շարունակվի, բայց թիմերը երկու ժամ անց վերադարձան և արդեն դատարկ տրիբունաների ներքո մրցավարը դիտեց VAR-ն ու չեղարկեց գոլը։

«Ցավալի է այն, ինչ մենք՝ արգենտինացիներս, ստիպված եղանք տեսնել։ Մենք գրեթե երկու ժամ սպասեցինք հանդերձարանում, և մեր խաղացողները ստիպված եղան նորից դուրս գալ խաղադաշտ, որպեսզի տաքանային և շարունակեին հանդիպումը, որը պետք է ընդհատեր գլխավոր մրցավարը մարոկկացի հանդիսատեսների խաղադաշտ ներխուժելուց և կիրառված բռնությունից հետո։

Ավելին, չլսվեցին երկու թիմերի ավագների տեսակետները, ովքեր կարծում էին, որ խաղը չպետք է վերսկսվեր։ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից մենք արդեն բողոք ենք ներկայացրել ՖԻՖԱ-ին, որպեսզի համապատասխան կարգավորող միջոցներ ձեռնարկվեն և պատասխանատվության ենթարկվեն պատասխանատուները»,- Չիկա Տապիայի խոսքերն է մեջբերում Mundo Albiceleste-ն։