Ն’Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Ալ-Իթթիհադի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆրանսիացուն հավակնում է «Բարսելոնան»: Կատալոնացիները տպավորված էին ֆուտբոլիստի խաղով EURO-2024-ում և ցանկանում են տրանսֆեր կազմակերպել այս ամառ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանտեով հետաքրքրված է «Վեսթ Հեմը», սակայն «Ալ-Իթթիհադը» մերժել է առաջարկը։

Կանտեն «Ալ-Իթիհադ» է տեղափոխվել 2023 թվականին։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Պրեմիեր Լիգայում Կանտեն հանդես է եկել «Չելսիում» և «Լեսթերում», և երկու թիմերի հետ էլ դարձել է Անգլիայի չեմպիոն։