Եղիշե Մելիքյան․ «Պատրաստ ենք հանդիպմանը, պայքարելու ենք հաղթանակի համար»

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» տանը կմրցի Մինսկի «Դինամոյի» հետ։

Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է սպասվող դիմակայության մասին։

«Այս հանդիպումներին նախապատրաստվելու տեղի համար խնդիր ունեինք։ Խնդրանքով դիմել էինք, որ պատրաստվենք Ավանի ակադեմիայում, բայց մեզ մերժեցին։ Քանի դեռ ես թիմի մարզիչն եմ, խոստանում եմ, որ այլևս խնդրանքով չեմ դիմելու մարզում անցկացնելու համար։ Պատրաստ ենք հանդիպմանը՝ պայքարելու հաղթանակի համար։ Հուսով եմ, մեր թիմին շատերն են երկրպագում, սպասում մեր հաղթանակին։

Մրցակցի ուժեղ կողմը ֆիզպատրաստվածությունն է, բնավորություն ունեցող թիմ է։ Համոզված եմ, որ տանն ավելի շատ խնդիրներ կստեղծենք մրցակցին։

«Փյունիկը» միշտ հպարտացել է իր երկրպագուներով։ Մենք սիրում ենք մեր երկրպագուներին։ Մեր բոլոր հաղթանակները երկրպագուների համար են։ Սպասում ենք, որ երկրպագուները կգան մեր խաղին»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Դինամո Մինսկ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։