Օլիվյե Ժիրուն հրաժեշտ է տվել Ֆրանսիայի հավաքականին

Հարձակվող Օլիվյե Ժիրուն ջերմ խոսքեր է գրել Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու կապակցությամբ։

37-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է EURO-2024-ին, որտեղ ֆրանսիացիները պայքարն ավարտեցին կիսաեզրափակիչ փուլում՝ պարտվելով Իսպանիային (1:2): Ժիրուն իր նորամուտը միջազգային խաղում նշել է 2011 թվականի նոյեմբերին և դրանից հետո թիմի կազմում անցկացրել է 137 հանդիպում՝ դառնալով 57 գոլի հեղինակ։

«Ֆրանսիայի հավաքականը, որին ես ծառայել եմ 13 տարի, հավերժ կմնա իմ սրտում։ Սա ամենաբարձր հպարտությունն է և լավագույն հիշողությունները»,- գրել է Ժիրուն սոցցանցերում։

Մայիսին հայտնի դարձավ, որ Ժիրուն «Միլանից» տեղափոխվում է «Լոս Անջելես» ՖԱ։