Կիսաեզրափակիչ հանդիպումից հետո Կիլիան Մբապպեն խնդրել է Լամին Յամալին փոխանակվել մարզաշապիկներով

Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը պատմել է, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն իրեն խնդրել է փոխել մարզաշապիկները Եվրոպայի 2024 թվականի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումից հետո, որն ավարտվել է իսպանացիների օգտին (2:1):

«Կիլիան Մբապպեն խաղից հետո խնդրեց իմ մարզաշապիկը»,- ​​Յամալի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում՝ վկայակոչելով Marca-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լամին Յամալը դարձել էր Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։ EURO-2024-ում Յամալը մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։