Նաչո. «Մենք առաջադրանքի միայն կեսն ենք կատարել՝ դեռ ոչինչ չի հաջողվել»

Իսպանիայի հավաքականի պաշտպան Նաչոն ամփոփել է EURO-2024-ի կիսաեզրափակիչ խաղում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակը (2։1)։

«Մենք երջանիկ ենք, բայց դրանք վերահսկվող հույզեր են: Մենք առաջադրանքի միայն կեսն ենք կատարել՝ դեռ ոչինչ չի հաջողվել։ Հիմա հասկացանք, որ հոգնել ենք։ Ժամանակն է հանգստանալու և տոնելու այս հաղթանակը։ Եվ կտեսնվենք Բեռլինում։

Հասկացանք, որ Ֆրանսիայի հավաքականն ուներ առաջին կարգի ֆուտբոլիստներ։ Բայց մենք էլ հասկանում էինք, որ նույնքան լավն ենք։ Երբ մենք սկսեցինք պարտվել և մտածում էինք, թե ինչ անենք, մեր թիմի ամենաերիտասարդ տղան առաջ եկավ և ֆանտաստիկ գոլ խփեց»,- Նաչոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի հուլիսի 10-ին կայանալիք Հոլանդիա – Անգլիա խաղում։ EURO-2024-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։