Ֆեդերիկո Կիեզան կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ թիմ

«Ռոման» «Յուվենտուսի» վինգեր Ֆեդերիկո Կիեզային առաջարկել է տարեկան 5,5 միլիոն եվրո աշխատավարձ՝ փորձելով համոզել 26-ամյա խաղացողին միանալ հռոմեական ակումբին: Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կիեզան ներառված չէ «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի ծրագրերում և պատրաստ է այս ամառ հեռանալ ակումբից։ Ընդգծվում է, որ անցած շաբաթ իտալացի հարձակվողը մերժել է Սաուդյան Արաբիայի առաջարկը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կիեզան բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։