Կևին դե Բրույնեն համաձայնության է եկել սաուդյան ակումբի հետ

«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Հայտնի լրագրող և ինսայդեր Ռուդի Գալետտիի խոսքով՝ 33-ամյա ֆուտբոլիստը բանավոր համաձայնության է եկել «Ալ-Իթթիհադի» հետ՝ ակումբին տալով իր համաձայնությունը տրանսֆերի համար: Նշվում է, որ «Սիթին» պատրաստ է բաց թողնել բելգիացուն, իսկ այժմ ակումբները պետք է համաձայնության գան տրանսֆերային գումարի շուրջ։

Դե Բրույնեի պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում «Սիթիի» 26 խաղում դարձել է 6 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Ալ-Իթթիհադում» խաղում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կարիմ Բենզեման, Ն’Գոլո Կանտեն և Ֆաբինյոն: