Էկվադորի մարզիչը հրաժարական է տվել Արգենտինայից կրած պարտությունից հետո

Իսպանացի Ֆելիքս Սանչես Բասը այլեւս Էկվադորի հավաքականի գլխավոր մարզիչը չէ։

Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է մասնագետից բաժանվելու մասին COPA AMERICA-ի քառորդ եզրափակիչում Արգենտինայից կրած պարտությունից մի քանի ժամ անց։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին արգենտինացիները (4:2):

«Այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել խզել պայմանագիրը գլխավոր մարզիչ Ֆելիքս Սանչես Բասի հետ։ Շնորհակալություն ենք հայտնում Ֆելիքսին և նրա մարզչական շտաբին աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություններ հետագա ծրագրերում»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

48-ամյա իսպանացին Էկվադորի ազգային հավաքականը գլխավորում է 2023 թվականի մարտից։ Բասի գլխավորությամբ ազգային հավաքականը 19 խաղում տարել է 10 հաղթանակ, կրել 6 պարտություն, 3 անգամ ոչ-ոքի խաղացել։